Դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Աղասի Գրիգորյանը Արարատի մարզի Արբաթ գյուղից էր, անապահով ընտանիքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արբաթի գյուղապետ Արայիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ Աղասին ընտանիքի փոքր զավակն էր, ունի քույր եւ եղբայր: Ծառայության էր մեկնել 2014թ. գարնանը եւ զորացրվելու էր 2016թ. մայիսին:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ատամնաբուժության բաժին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):





























