Երեւանաբնակների շրջանում անցկացված փոքր հարցման արդյունքների համաձայն` այս տարի ամանորյա սեղան պատրաստելը կարժենա 220 000-300 000 ՀՀ դրամ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Հարցման մասնակիցներից հետաքրքրվել ենք`ինչ մթերքներ են նախընտրում, կամ դնում ամանորյա սեղանին: Եթե նախորդ տարի մթերքների ընդհանուր գինը 150 000-ից 200 000 դրամ էր, ապա այս տարի 220 000-ից 300 000 դրամի է հասնում: Այս գումարը չի ներառում տոնական հարդարանքի պարագաների, հագուստի եւ նվերների արժեքը»,-ասաց ՀԿ նախագահը:
Բաբկեն Պիպոյանի խոսքով` 220 000-ից 300 000 դրամը 40 հյուրի համար նախատեսված ամանորյա սեղանի մոտավոր արժեքն է:
«Բնականաբար, այս գումարը կտատանվի` կախված հյուրերի քանակից: Եթե մարդ կա` ունենում է 70 հյուր, ապա ավելի մեծ գումար կծախսի տոնական սեղանի վրա: Աշխարհընկալման տարբեր մակարդակներ կան, չեմ կարող ասել, որ հասարակության բոլոր շերտերն են այսքան գումարով տոնելու ամանորը»,-նշեց նա:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ամանորյա սեղանի հիմնական մթեքների ցանկում էական փոփոխություններ չեն նկատվում այս տարի. քաղաքացիներից շատերը նախատեսում են տոնական սեղանին դնել խոզի ազդրամիս, որը կարժենա 25 000- 30 000 դրամ, հնդկահավ` 15 000-20 000 դրամ, ձկնամիս` 10. 000-15 000 դրամ, թարմ միս, կամ թռչնամիս` 30 000-40 000 դրամ, երշիկեղենի եւ պանրի տեսականի` 20 000-25 000 դրամ, քաղցրավենիք` 20 000-25 000 դրամ, միրգ` 15. 000-25 000, ընդեղեն`15 000-25 000, խմորեղեն` 10 000-15.000 դրամյ, ըմպելիքներ` 10 000-15 000 դրամ, ալկոհոլային խմիչքներ` 30 000 – 40 000 դրա եւ այլ մթերքներ` 20 000-25 000 դրամ:
«Սրանք ծախսեր են, որոնք պարտադիր չեն, սակայն հայերս դեռեւս այլ իրականության մեջ ենք ապրում, մեզ մոտ չի վերացել ամանորին հարեւանների հետ սեղանները կռվեցնելու սովորությունը, ցավոք սրտի»,-ասաց նա:
Ըստ նրա`այս տարի տոնածառերի արժեքը չի բարձրացել, սակայն նախորդ տարիների համեմատ աճել է հարդարանքի պարագաների գինը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը խորհուրդ տվեց բոլոր սպառողներին թունավորումներից խուսափելու համար արագ փչացող սննդատեսակները` միս-մսամթերքը, կաթնամթերքը եւ կրեմային արտադրանքով հրուշակեղենը ամեն գիշեր տեղափոխել սառը վայր:




























