Իսպանիայի հյուսիսում Լյաներա քաղաքում 100 -ամյա ամայի եկեղեցին սքեյթբորդներ քշելու պարկ են դարձրել: Ակտիվիստներին աջակցել է Red Bull էներգետիկ ըմպելիքների արտադրողը, իսկ նկարիչ Օկուդա Սան Միգելը այն գունազարդել է փոփ սյուրեալիզմի ոճով, գրում է Lenta -ն՝ վկայակոչելով The Guardian–ը:
Քաղաքի սքեյթբորդիստների ասոցացիան վերջին հինգ տարիներին զբաղված էր այս նախագծի իրականացմամբ: Շինարարության ու վերանորոգման համար գումարը հավաքվել է օնլայն՝ Verkami քրաուդֆանդինգային հարթակում: Կազմակերպիչները գրեթե 25 հազար եվրո են ստացել:
Սան Միգելը նոյեմբերի 25-ից է սկսել աշխատել եկեղեցում ու մեկ շաբաթում նկարազարդել է այն: Եկեղեցին այցելուների առաջ իր դռները բացել է դեկտեմբերից տասից:
Նկարչի աշխատանքի մասին տեսահոլովակը դեկտեմբերի 13-ին էր հրապարակվել YouTube –ի mira hacia atras ալիքում (աղջիկը հրապարակում է փողոցային արվեստին նվիրված տեսագրություններ): Այս գրառումն անելու պահին այն արդեն ավելի քան 25 հազար մարդ էր դիտել:
Սուրբ Բարբարայի եկեղեցին կառուցվել է 1912 թ.՝ ճարտարապետ Մանուել Բոբեսի նախագծով: Քաղաքացիական պատերազմից հետո այն դարձել է երկրի ավիրված ու լքված շենքերից մեկը:




























