Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչներ` 50-ամյա Արշալույս Սահակյանին եւ 61-ամյա Արտավազդ Կարապետյանին տեղափոխում են Երեւան` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Նոյեմբերյանի հիվանդանոցից:

Արշալույս Սահակյանին եւ Արտավազդ Կարապետյանին վիրահատել են, նրանց վիճակը ծանր է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արշալույս Սահակյանին եւ Արտավազդ Կարապետյանին Նոյեմբերիայի եւ Իջեւանի հոսպիտալներում վիրահատել են. Արշալույս Սահակյանը պայթյունի հետեւանքով կորցրել է ոտնաթաթը, իսկ Արտավազդ Կարապետյանը՝ ոտքն ու ձեռքը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանով 2 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար:

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով, ականի պայթյունից տուժածներ Արտավազդ Կարապետյանն ու Արշալույս Սահակյանը հարեւաններ են: