Ֆրանսիան եւ Գերմանիան առաջիններից էին, որ ըմբռնումով մոտեցան Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը, նրանք կողմնակից են, որ չլինի կամ-կամ, այլ պետք է լինի՝ ինչպես նաեւ: Այդ մասին Բեռլինում ՀՀ դեսպանատանը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը բացասաբար է անդրադարձել դեսպանատան աշխատանքի վրա:

«Ես, անկեղծ ասած, Գերմանիայում դեսպան նշանակվել եմ 2013-ի հոկտեմբերի 15-ից, այդ ժամանակ երբ եկել եմ, այդչափ ճնշում չի եղել: Քաջատեղյակ եք, որ Ֆրանսիան եւ Գերմանիան առաջիններից են եղել, որ ըմբռնումով են մոտեցել Հայաստանի որդեգրած քաղաքականությանը»,- ընդգծեց դեսպանը:

Դեսպանը չասաց, թե որն է իր անհատական մոտեցումը հարցին, թե Հայաստանը կորցրեց կամ շահեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրելով. «Կան Հայաստանի արտաքին քաղաքականության դրույթներ ու ուղղություն, ես որպես ՀՀ դեսպան պարտավոր եմ Հայաստանի քաղաքական դրույթներով շարժվել»:

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ տնտեսությունը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո չի ակտիվանում, դեսպանը արձագանքեց. «Դուք համարում եք, որ դա ԵՏՄ-ին միանալու պատճառո՞վ է, թե՞ ընդհանուր ՌԴ-ի պատժամիջոցների: Մեծ մասը պատժամիջոցների արդյունքում է, վստահ եղեք: Այսօր ՀՀ տնտեսության պահանջարկն էր ԵՏՄ-ն»:

Հայ լրագրողները այցը Գերմանիա  կազմակերպել էին Deutsche Gessellschaft կազմակերպությունը եւ Երեւանի մամուլի ակումբը: Ծրագրի  շրջանակներում նրանք հանդիպեցին Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, ծանոթացան Գերմանիայում առաջատար լրատվամիջոցների աշխատանքին: