Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութից կատարված գողության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:30-ից մինչեւ 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութի սրահում՝ աշխատակցի պիջակի գրպանից, հափշտակվել է անվադողերի վաճառքից գոյացած գումարը՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է առերեւույթ հանցագործության դրվագը:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու եւ  հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: