Արտասահմանից ինտերնետով դեղորայք գնելը ռիսկային է, եւ քաղաքացիները պետք դրա մասին տեղեյակ լինեն: Այս մասին խորհրդարանում «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Այստեղ պետք է առանձնացնել 2 հասկացություն, ասել է նա: Մի բան է, երբ Հայաստանում գործող դեղատունը կայք է բացում, որպեսզի գնորդները կարողանան տեսնել, թե առկա է արդյոք վաճառքում այս կամ այն դեղը: Կայքով հնարավոր է պատվերներ տալ: Այստեղ նախարարության գլխավոր պայմանն այն է, որ մատակարարումն  իրականացնի միմիայն դեղատունը, ընդ որում պատշաճ պայմաններով:

Մեկ այլ բան է, երբ խոսքը ինտերնետով արտասահմանից գնած դեղի մասին է, որը Հայաստան է գալիս փոստով: Առողջապահության նախարարությունը երկարատեւ քննարկումներից հետո եկել է այն եզրակացության, որ չի կարող վերահսկել բոլոր ֆիզիկական անձանց գնումները: Այստեղ ավելի լավ է գործում սպառողին իրազեկելու հանգամանքը:

«Պետք է իմանալ, որ եթե դեղը Հայաստան է գալիս այդ ճանապարհով, ոչ ոք չի երաշխավորում փոխադրության պայմանները: Ջերմաստիճանի փոփոխությունից դեղի հատկությունները կարող են թուլանալ կամ անհետանալ»,- ասել է փոխնախարարը: