Ազգային անվտանգության մարմինների գործունեության առանցքային ուղղություններից մեկի` սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գծով ԱԱԾ ցուցադրած արդյունքներն ակնառու են: Այդ մասին դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ  Գորիկ Հակոբյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ իրականացված աշխատանքի ամենավառ օրինակը մեր երկրում նախադեպը չունեցող հանցավոր համագործակցության վնասազերծումն էր:

«Դա տեղի ունեցավ շնորհիվ Ազգային անվտանգության ծառայության բոլոր օպերատիվ ստորաբաժանումների լարված աշխատանքի, իսկ հիմնական մշակումը վարել են Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:

Առանձնապես ծանր հանցանքներ պլանավորած զինված հանցախմբի բացահայտման եւ ոստիկանության հետ համագործակցությամբ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով իրականացված հատուկ միջոցառման արդյունքում կանխվեցին հիրավի հրեշավոր վտանգներ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե հանցախմբի հնարավոր գործունեության դեպքում քանի զոհ ու այլ ծանր հետեւանքներ կարող էին առաջանալ: Քաջ գիտակցելով, որ հանցախմբի անդամները մինչեւ ատամները զինված են` միջոցառման մասնակիցները գործեցին սեփական կյանքը վտանգելով, մի պահ անգամ չվարանելով ու չընկրկելով սպառնալիքի առաջ, եւ բարձր պատրաստվածության շնորհիվ խուսափելով նույնիսկ չնչին մարմնական վնասվածք հասցնելուց եւ ստանալուց»,- նշել է ԱԱԾ տնօրենը:

«Եվ հիմա այստեղ, իմ ծառայակից ընկերների ներկայությամբ, ես կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ալֆա» հատուկ ստորաբաժանման հրամանատարությանն ու մարտիկներին, ովքեր մասնակցություն են ունեցել միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը:

Առանց ավելորդ գովաբանության պետք է փաստել, որ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ստեղծման օրվանից մինչեւ հիմա ահաբեկչական բնույթի որեւէ գործողություն, որին մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր, այդ թվում` զարգացած անվտանգության եւ իրավապահ համակարգ ունեցող երկրներում, Հայաստանում չի կատարվել: Բայց դա ամենեեւին չի նշանակում, թե այդպիսի փորձեր չեն ձեռնարկվել: Նշեմ միայն, որ մեր կողմից հավաստի տեղեկություններ են ստացվել տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցած օտարերկրյա մի շարք քաղաքացիների մասին, որոնց մուտքը Հայաստան ժամանակին փակվել է»,- նկատել է Գորիկ Հակոբյանը: