Պաշտոնական Ստեփանակերտը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավելի հետեւողական կլինեն սեփական առաջարկների իրականացման հարցում: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտին համանախագահների հայտարարությունը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ հայտարարության մեջ տեղ գտած առաջարկներին նման առաջարկներ պարբերաբար արվում են եւ նույնպիսի պարբերականությամբ դրանք մերժվում են Ադրբեջանի կողմից: «Համանախագահները նման միջոցներն ընկալում են որպես ինքնին ենթադրվող մի բան, սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն կանոնավոր կերպով խախտում է հրադադարի ռեժիմը, այլեւ արգելակում է միջնորդների ներկայացրած նախաձեռնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը: Հույս ունենք, որ լարվածության վերջին շրջանից հետո համանախագահներն ավելի հետաքրքրված եւ հետեւողական կլինեն իրենց առաջարկների իրականացման հարցում », - նշել է Դավիթ Բաբայանը:
Ինչպես նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հայ-ադրբեջանական շփման գծում ուժային գործողությունների ռիսկի նվազեցման միջոցների, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ:



























