Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ 600 մլն տարի առաջ կյանքի կտրուկ աճին եւ բազմաբջիջ օրգանիզմների առաջացմանը նպաստել է մթնոլորտում եւ ջրոլորտում թթվածնի պարունակության աճը, որը տեւել է ավելի քան 100 մլն տարի: Այդ գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան նախկինում կարծում էին:

Գիտնականները նման տվյալներ են ստացել տարբեր դարաշրջանների պատկանող համաշխարհային օվկիանոսի հատակի տարբեր կետերից վերցրած լեռնային նմուշների ուսումնասիրության արդյունքում: Նմուշներում սելենի իզոտոպի քանակը ցույց է տվել, որ թթվածնի պարունակությունը 770-520 մլն տարի առաջ 1-10 տոկոսով փոխվել է: Այդ ժամանակաշրջանում Երկիրը 3 սառցապատում է վերապրել: Օվկիանոսների մեծ մասը ծածկված է եղել սառույցով:

Միջանկյալ ժամանակաշրջաններում ջերմաստիճանը բարձրանում էր, սառույցները հալվում էին, ինչի պատճառով օվկիանոսների հատակին հանքանյութերի եւ թթվածնի կուտակումներ էին տեղի ունենում: Դա իր  հերթին նպաստել է պլանկտոնի պոպուլյացիայի աճին, որոնք մեռնելուց հետո ածխաթթվի աղբյուր էին դառնում, իսկ ածխաթթվի պարունակության աճը վճռորոշ ազդեցություն է ունեցել Երկրի կլիմայական պայմանների վրա, փոխանցում է Gazeta-ն:

Այդ դարաշրջանը հավանաբար Երկրի օքսիգենացիայի պատմության մեջ ամենակարեւորն է, քանի որ սկզիբ է դրել կյանքի տարբեր ձեւերին: «Թթվածինը դանդաղ գործող յուրօրինակ ռումբ էր, որը նպաստել է Երկրի վրա կյանքի պայթյունին»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը: