Արարատի մարզի Արբաթ գյուղում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետեւանքով զոհված 19-ամյա Աղասի Գրիգորյանի հոգեհանգիստը: Այս մասին NEWS.am-ին ասաց Արբաթի գյուղապետ Արայիկ Պետրոսյանը:

Հոգեհանգստին ներկա են եղել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ, Աղասի Գրիգորյանի ծառայակից ընկերները:

Գյուղապետը նշեց, որ զինծառայողի հուղարկավորությունը տեղի  կունենա  դեկտեմբերի 20-ին՝ զինվորական կարգով, գյուղի գերեզմանատանը:

19-ամյա Աղասի Գրիգորյանը անապահով ընտանիքից էր, նա ընտանիքի փոքր զավակն էր, ունի քույր եւ եղբայր: Ծառայության էր մեկնել 2014թ. գարնանը եւ զորացրվելու էր 2016թ. մայիսին:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): Մեր տեղեկություններով` չորս զինծառայող վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ։

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։