Նախորդ շաբաթվա ընթացքում Երեւանում կասեցվել է ապօրինաշինության եւ հողազավթման 3 դեպք: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել եւ ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 4 օբյեկտ:

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 32 վարչական արձանագրություն:

Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 1 վարչական արձանագրություն:

Անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 61 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել եւ խստացնել այս ուղղությամբ աշխատանքները: