Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է Եվրասիական բարձրագույն   խորհրդի նիստին` երկրների ղեկավարների մակարդակում քննարկել միավորման հետագա զարգացումը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽՊ) պայմաններում: 

«Հավանաբար բարձրագույն խորհրդում պիտի խոսենք այն մասին, թե Եվրասիական միությունն ինչպես է հետագայում զարգանալու այն պայմաններում, երբ այնտեղ Անդրատլանտյան   (համաձայնագիր ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ) են ստեղծում, իսկ այստեղ` Անդրխաղաղօվկիանոսյան… Մենք եւս պահեր ունենք, որոնք պիտի որոշենք», - ասել է Նազարբաեւը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ղազախստանի ղեկավարը նշել է, որ ԵՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը նվազել է, բայց բաց սահմանները եւ համատեղ ձեռնարկությունները շարունակում են մեծ դեր խաղալ: Նա նաեւ նշել է, որ ՌԴ-Ղազախստան միջկառավարական հանձնաժողովը մեծ հաջողությամբ աշխատում է:  

Խոսելով ՀԱՊԿ համատեղ անվտանգության խորհրդի նիստի մասին, Նազարբաեւը հավելել է, որ նախատեսված է այնտեղ քննարկել Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայում գործողություններին, ինչպես նաեւ թուրքական հարցը: