Իրենց քրեական գործերը վերանայելու պահանջով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 7-րդ օրը հացադուլ անող 36 ցմահ դատապարտյալների հարազատները այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց, որտեղից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26, ապա Ազգային ժողով։
Կառավարության շենքի դիմաց հավաքվելով՝ ցմահ դատապարտյալների հարազատները ակնկալում էին, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջնորդի պատկան մարմիններին կյանքի կոչել իրենց պահանջը։
Ցմահ դատապարտյալների հարազատները նախագահական նստավայր կհանձնեն 10 000 ստորագրությամբ դիմումը, որով պահանջում են լսել անազատության մեջ գտնվող իրենց հարազատների պահանջները` վերանայել նրանց քրեական գործերը։
Ցմահ դատապարտյալների հարազատներ Ազգային ժողովի դիմումների եւ նամակների բաժին կհանձնեն ՀՀ ԱԺ Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին ուղղված դիմումը, որում ասվում է, որ ցմահ դատապարտյալները պարբերաբար հացադուլ են հայտարարում, քանի որ գոյություն ունեցող օրենքները շրջանցում են դատապարտյալների այդ խմբին, իսկ նրանց վիճակը բարելավող օրինագծերը մշակվում են, սակայն հաճախ օրենքի ուժ չեն ստանում։
NEWS.am-ի հետ զրույցում ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը, նշեց, որ հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածները պահանջ են ներկայացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպելու մասին, որը, սակայն, մերժվել է։
Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի մայրը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ կտա ցմահ դատապարտյալների վերաբերող օրենսդրական կարգավորումները փոխելու վերաբերյալ։
«Խնդրում ենք նախագահից, որ ինչ-որ լուծում տա այս հարցին, շարժ լինի, թունելի վերջում մի լույս երեւա, ցմահ դատապարտված է ոչ միայն իմ տղան, այլեւ մեր ամբողջ ընտանիքը», ասաց կինը։
Ցմահ դատապարտյալների հարազատներից շատերը, սակայն, չեն հավատում, որ բողոքի ակցիաները, բազմաթիվ դիմումները, որեւէ դրական արդյունք կտան։
«Չենք հավատում, բայց անում ենք, պայքարելու ենք, բայց գիտենք, ոչ մի բան էլ չի փոխվելու»,-մեզ հետ զրույցում ասաց Արթուր Մկրտչյանի մորեղբայրը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դեկտեմբերի 14-ին իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ սկսած 35 ցմահ դատապարտյալներից 3-ը դեկտեմբերի 17-ի երեկոյան դադարեցրել են հացադուլը: Դատապարտյալներից ոմանք հրաժարվել են իրենց հասանելիք զբոսանքից:



























