Ադրբեջանում առեւտրային ցանցերը դադարեցրել են արտասահմանյան ապրանքների վաճառքն այն բանից հետո, երբ կտրուկ արժեզրկվել է ազգային արժույթը՝ մանաթը, հաղորդում է haqqin.az-ը:

Կայքի փոխանցմամբ, խոսքը լիտվական, ռուսական եւ ուկաինական ապրանքների մասին ՝, խանութների տերերը սպասում են ազգային արժույթի փլուզման հետ կապված նոր ցուցումների:

Բացի այդ, ապրանքների վերագնահատման համար փակվել են էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի խանութները: Փակվել են նաեւ ալկոհոլի եւ ծխախոտի մեծածախ առեւտրով զբաղվող ցանցերը: Մեծածախ ընկերությունների ներկայացուցիչների խոսքով, բազաներում ծխախոտի դեֆիցիտ է առաջացել, դրանց գները կարող են 50 տոկոսով աճել:

Նշենք, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը այսօր՝ դեկտեմբերի 21-ին հայտարարել է մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին:

Մանաթի պաշտոնական փոխարժեքն այսօր կազմում է 1,55 մանաթ մեկ դոլարի դիմաց, մինչդեռ դեկտեմբերի 18-ին այն 1,0499 մանաթ էր:

Այսպիսով, դոլարի փոխարժեքը ամրապնդվել է մանաթի նկատմամբ 48 տոկոսով: մանաթի պաշտոնական փոխարժեքը եվրոյի նկատմամբ կազմել է 1,685 մանաթ, մինչդեռ դեկտեմբերի 18-ին այն կազմում էր 1,1394 մանաթ:

ԿԲ-ից նաեւ հայտնել են, որ այդ որոշումը պայմանավորված է էներգակիրների շուկայում առաջարկի ավելցուկով եւ նավթի հիմնական օգտագործող երկրներում տնտեսական աճի թուլացմամբ։