Ոստիկանությունը վարորդներից 351 տոկոսով ավելի շատ տուգանք է հավաքում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննրակման ժամանակ:
Նրա խոսքով, փողոցներում տեսախցիկներն ավելի անվտանգ չեն դարձնում երթեւեկությունը, պարզապես օգնում են վարորդներից ավելի շատ գումար պոկել: Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները, հավելեց նա:
«2014 թվականին, ի տարբերություն 2011-ի, արձանագրված ավտովթարների թիվն աճել է 36 տոկոսով՝ հասնելով 3 156-ի: Միաժամանակ պետք չէ պնդել, որ վերջին տարիներին վթարներ ավելի շատ են գրանցվում, որպեսզի ԱՊՊԱ-ից փոխհատուցում ստանան, որովհետեւ 2011-ին արդեն ԱՊՊԱ-ն ներդրված էր:
Ավելի շատացել են նաեւ տուժողները. 2011-ին վթարներից տուժել է 2 964, իսկ 2014-ին՝ 4 776 մարդ, կամ 61 տոկոսով ավելի: Իսկ 2015-ի հունվար-հոկտեմբերին այդ ցուցանիշը գերազանցել է նախորդ ողջ տարվա ցուցանիշը 10 տոկոսով: Եվ դա համատարած արտագաղթի պայմաններում»,-հավելել է Փաշինյանը:
Այլ խոսքով, տեսախցիկները ոչ մի կերպ չեն նպաստում ճանապարհներին կարգուկանոնի հաստատմանը: Միակ «առաջընթացը» տուգանքների հավաքման հարցում է: 2014-ին 2011-ի համեմատ 351 տոկոսով ավելի շատ տուգանք է հավաքվել:
«Այն գումարը, որով մարդիկ երեխային կոշիկ կգնեին, կամ նրան դպրոց կուղարկեին, հիմա վճարում են ճանապարհային ոստիկանության տեսուչին: Մեզ առարկում են, որ նախկինում այդ գումարը վարորդը միեւնույն է կաշառք էր տալիս: Այնպես որ, ստացվում է դրա համա՞ր էին տեսախցիկները, որպեսզի օրինականացվի կոռուպցիա՞ն»,-հայտարարել է Փաշինյանը:



























