Ինսուլինից եւ հոգեակտիվ դեղամիջոցներից կհանվեն  շրջանառության հաշվառման համար անհրաժեշտ հսկիչ դրոշմապիտակները: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ընդունվել է 77 կողմ, 0 դեմ եւ 10 ձեռնպահ ձայներով:

Օրենքի համաձայն՝ այդ միջոցը վերաբերում է ինսուլինին, հոգեակտիվ եւ թմրանյութերին առհասարակ, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի համար չնախատեսված ներարկումներին:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել էր, որ այդ դեղամիջոցները Հայաստան են ներկրվում պետական ծրագրի շրջանակներում, ինչը եւ նրանց համար որակի եւ օրինականության բավարար երաշխիք է: