«Փրկենք» երիտասարդական-քաղաքացիական նախաձեռնության անդամները «Արվեստը հանուն կյանքի» ծրագրի շրջանակներում շարունակում են բարեգործական միջոցառումներ կազմակերպել ավշային հանգույցների քաղցկեղով հիվանդ 4-ամյա Էրիկ Սարգսյանի փրկության համար։ Այս մասին սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ հայտարարեցին իրենք՝ նախաձեռնության անդամները։

Ի տարբերություն նույն նպատակով նախորդ անգամ կազմակերպված բարեգործական համեգի, որին մասնակցել էին հայտնի երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին եւ «Արձագանք» խումբը, այս անգամ բարեգործական ներկայացմամբ, այնուհետեւ նաեւ համերգով հանդես կգան երիտասարդ արվեստագետներ «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը։ Նրանցից առաջինի՝ Ցոլակի «Երազները երազներում» թատերական ներկայացումը «Մոսկվայի տանը» տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։00-ին։ Ներկայացմանն անմիջապես կհետեւեն երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի «Երեւակայության հետքերով» դաշնամուրային պատկերները։ «Որոշեցինք մեր ուժերի ներածի չափով օգնել այս նախաձեռնությանը, եւ իմ բեմադրած ներկայացման պրեմիերան անել հենց այդ օրը։ Իսկ երկրորդ անգամ այն  կներկայացվի արդեն «Հայֆեստ» ամենամյա թատերական փառատոնին»,- նշեց Ցոլակ Մլքե-Գալստյանը։

Կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանն իր հերթին ավելացրեց, որ թատերական ներկայացման հաջորդած երաժշտական հատվածում հնչելու է ինչպես հատուկ ներկայացման համար գրված, այնպես էլ 20-րդ դարի դասական երաժշտություն։

«Փրկենք» երիտասարդական-քաղաքացիական նախաձեռնության անդամների կազմակերպած միջոցառմանը հրավիրված են Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ ՀՀ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը։ «Նաեւ ուզում ենք տեղեկացնել, որ մինչ այժմ Էրիկի համար բացված ահաշվեհամարի վրա հավաքվել է շուրջ 4 մլն դրամ, որից 700 հազար դրամը՝ նախորդ համերգից։ Այսօր առավոտյան զանգահարեցին ՀՀ առաջին տիկնոջ գրասենյակից եւ հարցրեցին հաշվեհամարը։ Գումարներ են փոխանցվել նաեւ սփյուռքահայերի, պատգամավորների եւ խոշոր ընկերությունների կողմից»,- տեղակացրեց նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ 4 մլն դրամից հաշվեհամարի վրա մնացել է միայն 1 մլն 300 հազար, եւ որ երեխան այս պահին Ստավրոպոլում քիմիաթերապիայի 3-րդ փուլին է նախապատրաստվում։ «Նախատեսված է քիմիաթերապիայի 6 փուլ, որոնց ավարտից հետո կսկսվի դեղորայքային բուժումը։ Իսկ ընդհանրապես, երեխան այժմ շատ լավ է, անգամ բժիշկները զարմանում են նրա ուժի վրա»,- ավելացրեց Անին։

Նշենք, որ «Արցախբանկում» Էրիկի մոր՝ Լուսինե Կամոյի Բեգլարյանի անունով հաշվեհամար է բացվել։ Երեխային օգնել ցանկացող մարդիկ գումարներ կարող են փոխանցել 223004039994 հաշվեհամարին։