Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարի 1-ից կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ նեղ եւ ընդլայնված կազմով նիստի եւ նստաշրջանի արդյունքներն ամփոփելիս լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ պետությունների ղեկավարները Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում հաստատել են Տիգրան Սարգսյանի թեկնածությունը:
Տիգրան Սարգսյանն այդ պաշտոնում 4 տարով փոխարինելու է Վիկտոր Խրիստենկոյին:
Նշենք, որ կոլեգիայի կազմը կրճատվելու է. յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչների քանակը 3-ից կդառնա 2:
Ներկայումս Տիգրան Սարգսյանը զբաղեցնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը:



























