Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում այսօր կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Բանակցությունների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են նախորդ՝ 2015թ. հոկտեմբերի 16-ի բարձրագույն խորհրդի նիստում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը, Եվրասիական տնտեսական խորհրդի 2016թ. բյուջեն, Միության կառույցներում նախագահության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջեւ պարտականությունների բաշխման եւ անձնական կազմի մասին, Միության անդամ պետություններում 2020թ. փուլի մարդահամարի անցկացման մասին եւ մի շարք այլ հարցեր:

Օրակարգի շրջանակներում Միության պետությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելու դեպքում, տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի դրույքաչափը, քննարկել «ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կապակցման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մասին» հարցը:

Անդրադարձ է եղել նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի դադարեցման խնդրին: