Արեւելյան Անգլիայի համալսարանից գիտնականների խմբին հաջողվել է պարզել, որ արեւադարձային խոշոր կապիկների, սղոցկտուցների կամ գետակինճերի անհետացման դեպքում, որոնք սնվում են մեծ ծառերի պտուղներով, մթնոլորտում զգալիորեն կբարձրանա ածխաթթու գազի մակարդակը:  

«Բուսակեր պրիմատները, գետակինճերը, սղոցկտուցները միակ խոշոր կենդանիներն են, որոնք ի վիճակի են արդյունավետ կերպով տարածել մեծ ծառերի սերմերը, ասում է Սան Պաուլոյի համալսարանի պրոֆեսոր Մաուրո Գալետտին: Իսկ այս ծառերն ավելի շատ ածխածին են պահում», գրում է Gazeta-ն:

Իրենց ծանր տերեւների եւ փայտանյութի շնորհիվ մեծ ծառերը որսում են եւ մթնոլորտ բաց չեն թողնում ածխաթթու գազի մեծ ծավալ: Դրանց վրա աճող մրգերի սերմերը կենդանիների կողմից չեն մարսվում, ինչի շնորհիվ ակտիվորեն ցրվում են տարածքում:   Այսպիսով, կենդանիներն իրենց ներդրումն են ունենում կլիմայական հավասարակշռության պահպանման գործում:  Սակայն ներկայումս խոշոր բուսակերները որսագողության հետեւանքով ենթակա են վերացման վտանգին:  

Այդ կենդանիների անհետացման հետեւանքով կկրճատվի արեւադարձային անտառների մակերեսը եւ համապատասխանաբար կմեծանա մթնոլորտում ածխաթթու գազի խտությունը: Գիտնականները հույս են հայտնում, որ իրենց հետազոտության արդյունքները կազդեն շրջակա միջավայրի պահպանության եւ արտանետումների նվազման ոլորտում վարվող քաղաքականության վրա: Նրանց կարծիքով, այն պիտի ներառի ոչ միայն արեւադարձային անտառների մակերեսի եւ ծավալի կրճատում, այլեւ խոշոր բուսակեր կենդանիների պահպանության միջոցներ: