ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ փոխնախարար Խաչիկ Հակոբյանն այսօր ընդունել է «Փրկենք Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու խնդիրները, կենդանիների վիճակը եւ դրանց այլ երկիր տեղափոխելու հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական խնդիրներին:

Փոխնախարար Խ. Հակոբյանը մասնավորապես նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնում իր հնարավորությունների եւ լիազորությունների շրջանակներում աջակցելու Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների՝ մասնավորապես 2 արջերի եւ 3 առյուծների տեղափոխման խնդրին, սսկ ինչ վերաբերում է անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների  խնդրի կարգավորման օրենսդրական ասպեկտին, ապա մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական առաջարկության եւ ակտիվ համագործակցության համար»:

Նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համագործակցության պատրաստակամության համար, իր հերթին ներկայացրել է Գյումրու կենդանաբանական այգու ներկա իրավիճակը եւ հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կենդանիներին տեղափոխել առավել բարենպաստ վայր:

Propose կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը  նախարարությանն է հանձնել առաջարկությունների փաթեթ, որոնց շրջանակներում ակնկալվում է կարգավորել եւ բարելավել անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային խումբ ստեղծելու, որի շրջանակներում կաշխատեն առկա խնդրի, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն մշակելու ուղղությամբ: