ԱԱԾ-ի կողմից զինված խմբի գործի բացահայտումը անլուրջ տպավորություն է թողնում։ Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» նախաձեռնության քաղաքացիական հավաքին հայտարարել է ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։

«Անլրջության տպավորություն ստեղծվեց, այժմ էլ շարունակվում է այդ անլրջությունը։ Գործող ռեժիմը վստահություն չունի, նույնիսկ եթե ճիշտ գործ անի, չի ընդունվելու»,- ասել է Սեֆիլյանը՝ ներկայացնելով իր անձնական կարծիքը. «Այդ գործի ծալքերում կա քաղաքական աստառ, դա իմ անձնական կարծիքն է, Շիրխանյանի ձերբակալումը հարցեր է առաջացնում։ Այդ գործը շատ խճճված է, եւ չեմ կարծում, թե ռեժիմը կկյարողանա դրա տակից դուրս գա»։

Սեֆիլյանը նաեւ խոսել է սահմանի վիճակից, եւ նշել, թե մարտունակ բանակ չի կարող լինել առանց սոցիալական արդարության։

Հիշեցնենք, որ Շիրխանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 19–ին` ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով։ Ըստ ԱԱԾ–ի` Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: