2016թ. մակրոտնտեսագիտական պրոբլեմատիկան կվերաբերի զարգացող երկրներում արժութային պարտքերին, նավթի գները բարձրացնելու ՕՊԵԿ երկրների ջանքերին, ինչպես նաեւ Շենգեն գոտու անվտանգությանը: Այս մասին գրում է KPMG վերլուծական ընկերության տնօրեն Իաել Սելֆինը:
2015թ. հիմնական ռիսկերը փոխարժույթի տատանումներն էին, նավթի գների անկումը, ֆինանսական շուկայում օճառի նոր պղպջակների առաջացման վտանգը, ինչպես նաեւ Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը:
Ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունը 2015թ. ամփոփում է ավելի դրական արդյունքներով, քան սկսել էր: Հունաստանի գործոնն այլեւս չի սպառնում եվրոգոտու անվտանգությանը: Չինաստանը շարունակում է վերակառուցել տնտեսական կառուցվածքը:
Եվրոգոտու տնտեսությունը հատկապես զգալու է Եվրոպական Կենտրոնական բանկի մեղմ գումարավարկային քաղաքականության կարիքը՝ երկարաժամկետ վարկային եւ կառուցվածքային բարեփոխումների ակնկալիքներով: Եվրոգոտու սահմաններին արդեն աճի նախանշաններ են հայտնվում: Իսկ 2016թ. հատկապես պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ երեք հարցերին:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրույքի բարձրացումը եւ զարգացող երկրների պարտքը
Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է տոկոսադրույքը: 2016թ. սպասվում է հետագա բարձրացում, թեպետ եւ աստիճանական:
Արդյունքը կարող է ավելի սուր լինել, քան կանխատեսում էին շատ վերլուծաբաններ: Դա կարող են զգալ այն երկրներն ու ընկերությունները, որոնք էժան փողերի ժամանակաշրջանում կտրուկ պարտքեր են կուտակել տարադրամով:
ՕՊԵԿ երկրները միասին կփորձեն բարձրացնել նավթի գները
Սաուդյան Արաբիան ավելի ակտիվ կերպով կփորձի հասնել իր համար շահավետ գնի: Նավթի եւ գազի թերթաքարային արդյունահանման պայմաններում ՕՊԵԿ-ը ավելի քիչ է ազդում նավթի գների վրա, քան առաջ: Այդուհանդերձ ՕՊԵԿ անդամ երկրներից շատերը կարող են միավորվել ընդհանուր խնդիրների լուծման համար:
Նավթի ներկայիս հարուստ պաշարների պարագայում նավթի գները կարող են միայն նվազել: Այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ նավթի գինը նորից վերադառնա բարելի դիմաց 80 դոլարի: Սակայն ԱՄՆ տնտեսության ակտիվացումը 2016թ. 2-րդ կեսին կարող է հանգեցնել նավթի պահանջարկի աճին:
Եվրոպայի անվտանգությունն ու Շենգեն օրենքների վերանայումը
Համաշխարհային տնտեսությանը լուրջ վնաս կարող է հասցնել Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսայի Աֆրիկայից ներգաղթյալների հոսքը:
Շենգեն համաձայնագրի տապալումը, Եվրոպայում ազատ տեղաշարժի դադարեցումը կարող է լրջորեն կրճատել մարդկանց եւ կապիտալի տեղափոխությունը: Դա կարող է կրճատել առեւտուրն ու ներդրումները:


























