Հոլանդիայի հայերը հակված են փոխառելու Հոլանդիայում ընդունված նիստուկացն ու սովորությունները, որոնք վերաբերում են նաեւ Ամանորի տոնակատարություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հոլանդիայի Հաագա քաղաքում գործող «Աբովյան» մշակութային միության անդամ Մաթո Հախվերդյանը:

«Հոլանդիայի հայերը միատարր չեն, այլ գալիս են զանազան երկրներից՝ իրենց հետ բերելով իրենց ծննդավայրի ավանդույթները, այդ երկրների վարք ու բարքը։ Հայերի մոտ, անկախ նրանից, թե որտեղ են ծնվել ու մեծացել, կարեւոր է Ամանորը դիմավորել ընտանիքի անդամների, հարազատների եւ ընկերների հետ միասին։ Հոլանդիայում ընդունված է սեփական հրավառություն Նոր Տարվա առաջին իսկ պահին, որը տեւում է մի քանի ժամ։ Հրավառության համար Հոլանդիայի շուրջ 16 միլիոն բնակիչները վատնում են տարեկան ավելի քան 60 միլիոն եվրո։ Հայերը նույնպես ընդունել են այդ ավանդույթը եւ աշխուժորեն իրենց մասնակցությունն են բերում Ամանորյա հրավառության գործին»,- ասաց Մաթո Հախվերդյանը՝ նշելով, որ եթե հոլանդացիներից շատերն իրենց տոնածառը Ամանորի գիշերն այրում են փողոցում, հայերի տանը տոնածառը կանգնած է մնում առնվազն մինչեւ հունվարի 7-ը։

Հախվերդյանի խոսքով՝ Թուրքիայից եւ Իրաքից գաղթած հոլանդահայերը նախընտրում են Ամանորը դիմավորել տանը, իսկ Իրանից եւ Հայաստանից գաղթածները՝ ակումբներում, հանդիսասրահներում կամ հարազատների եւ ընկերների շրջանում. «Ամեն տեղ հայերը ճոխ սեղան են բացում եւ զվարճանում երգով, պարով, երաժշտությամբ, կերուխումով։ Հոլանդացիները մնում են տանը, դիտում են հեռուստատեսության ամանորյա ծրագիրը, իսկ ժամը 12-ին դուրս են գալիս փողոց հրավառության համար, հարեւաններին շնորհավորում են Նոր Տարվա առթիվ եւ երբեմն միասին բաժակ են բաձրացնում` հաջողություն եւ առողջություն ցանկանալով միմյանց»:

1984թ.-ին բացված «Աբովյան» մշակութային միությունն ամեն տարի կազմակերպում է ամանորյա միջոցառումներ, որին մասնակցում են մի քանի տասնյակ ընտանիք։ Մաթո Հախվերդյանի խոսքով՝ ամանորյա միջոցառման ծրագրում համարյա միշտ ընդգրկված է Ձմեռ Պապիկ, որը երեխաներին նվերներ է բաժանում, երեխաների ելույթներ, հայկական աշխույժ երաժշտություն, երգ ու պար, տոնական ընթրիք։

«Տոնակատարությունը տեւում է միչեւ լուսաբաց։ 2003 թվականից սկսած «Աբովյան» միության ամանորյա հանդեսի ժամանակ ներկաները դիտում են հայկական արբանյակային հեռուստատեսության տարեմուտի ծրագիրը եւ Հայաստանում Նոր Տարվա սկիզբը (տեղական ժամանակով ժամը 21-ին)»,- ասաց նա: