Մաքսիմ Բելիարդն առաջին Ամանորն է նշում Հայաստանում: Կամավոր աշխատանք կատարելու համար Ֆրանսիայից եկած Մաքսիմը Նոր տարվա օրերի համար ոչինչ չի պալանավորել. ինչպես ինքն է պնդում, սա տոն է, որը միայն ընտանիքի հետ պետք է նշել:

«Տոներին Երեւանում եմ, իսկ դեկտեմբերի 25-ին իմ կյանքում առաջին անգամ աշխատել եմ: Ընտանիքիս հետ Սուրբ Ծնունդը նշել եմ սկայպով: Նոր տարվա օրերի համար ոչինչ չեմ պլանավորել, քանի որ չափազանց ցուրտ է, եւ Նոր տարին, Սուրբ Ծնունդն առանց ընտանիքի ոչինչ է (չեմ ուզում վիրավորել հայերին): Անցած տարի դեկտեմբերի 25-ին ես կրկին Երեւանում էի, այդ ժամանակ նշել եմ ընկերներիս հետ, սակայն Սուրբծննդյան մթնոլորտը չկար: Այնպես որ այս տարի ես մնում եմ տանը՝ սկայպի առջեւ նստած»,- ասում է Մաքսիմը:

Մաքսիմի խոսքով՝ Ֆրանսիայում Սուրբ ծնունդը նշում են ընտանիքի հետ, իսկ նախորդ օրը՝ ընկերների հետ՝ կախված տրամադրությունից եւ իրավիճակից. «Գիտեմ, որ հայաստանյան ավանդույթները տարբեր են: Ինձ համար զարմանալի է, որ դեկտեմբերի 25-ին մարդիկ առեւտուր են գնում»:

Ֆելիսիա Լոպեսի համար նույնպես զարմանալի են հայաստանյան ավանդույթները. նյույորքցի աղջիկն օրերս է մեկնել ԱՄՆ՝ ընտանիքի հետ տոները նշելու, սակայն 2015թ.-ն դիմավորել է Հայաստանում, հյուրընկալած ընտանիքի համար պատրաստել է ավանդական ուտեստ՝ իր մշակույթին ծանոթացնելու համար:

«Այդ ժամանակ ես բնակվում էի գյուղում, Նոր տարվա օրը որեւէ արտառոց բան չկար այստեղ, մենք պարզապես հետեւել ենք հրավառությանը, մի քիչ պարել եւ գինի համտեսել: Ինձ զարմացրեց, որ այսքան ուտելիք էին պատրաստել: Տանը մենք հենց 6-ն էինք, բայց հաջորդ օրն իսկ հասկացա, թե ինչու էին այսքան ուտելիք պատրաստել: Ամբողջ շաթաթվա ընթացքում հյուրեր էին գալիս, որոնք կենացներ ասում, զրուցում մի քիչ եւ գնում: Որպես կին՝ ինձ համար իսկապես դժվար էր տեսնել, թե այդ կանայք ինչպես էին պատրաստվում Նոր տարվան, իսկ դրանից հետո էլ մեկ շաբաթ մաքրում, հավաքում տունը»:

Ֆելիսիայի համար զարմանալի էր նաեւ այն, որ տոնական օրերին ամբողջ հոգսը կանանց ուսերին է. ամերիկուհին մեծացել է ընտանիքում, որտեղ բոլորն աշխատանքի հավասար բաժանում են կատարում եւ միասին վայելում տոները:  Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Սուրբծննդյան եւ ամանորյա տոնակատարություններին, Ֆելիսիայի խոսքով, իրենք դեկտեմբերի 24-ին ուշ երեկոյան պատրաստում են ավանդական ուտեստներ, միմյանց նվերներ անում, իսկ արդեն հունվարի 1-ին հավաքվում են եւ փարթի կազմակերպում: