Ադրբեջանը ԱՄՆ-ին «սպառնացել է» պատասխան պատժամիջոցներ կիրառել: Դրա առիթը դարձել է Քրիստոֆեր Սմիթի գլխավորած ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությունը. վերջինս դեկտեմբերի 17-ին Կոնգրեսին օրինագիծ է ներկայացրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ի պատասխան` Ադրբեջանի Միլլի Մեջլիսի քաղաքականության եւ պետականության կառուցման հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաեւը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Նախագիծը կուսումնասիրվի Միլլի Մեջլիսի Միջազգային եւ միջխորհրդարանական կապերի եւ Մարդու իրավունքների հանձնաժողովների համատեղ նիստին: Փաստաթղթում ասվում է, որ իր անկախության տարիներին Ադրբեջանը բազմիցս բախվել է ԱՄՆ-ի տարբեր կազմակերպությունների կրկնակի չափանիշների քաղաքականությանը:
Նախագծում նշվում է, որ ամերիկյան որոշ կազմակերպություններ տարբեր պատրվակներով փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը:
Նախագծում հիշեցվում է, որ ԱՄՆ-ը, որն աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցներ է պատրաստում, անընդհատ պատրվակներ է փնտրում` չստորագրելու մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերը: Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը վավերացրել է ՄԱԿ-ի` մարդու իրավունքները կանոնակարգող 14 հիմնարար փաստաթղթից ընդամենը չորսը: Մինչ այժմ Երեխաների իրավունքների վերաբերյալ համաձայնագրին ընդամենը երկու երկիր չի միացել` Սոմալին եւ ԱՄՆ-ը:
Ադրբեջանցի խորհրդարանականի նախագիծն առաջարկում է դադարեցնել էներգետիկայի, անվտանգության եւ ռազմական ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, դադարեցնել ադրբեջանական զինվորականների մասնակցությունը Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը, արգելել ԱՄՆ-ի ռազմական եւ այլ բեռների տարանցումն Ադրբեջանի տաևրածքով, ինչպես նաեւ այդ նպատակների համար Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործումը, ընթացակարգ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբից ԱՄՆ-ի հետկանչի ուղղությամբ:




























