2015 թվականը մեկնարկեց ներքաղաքական լուրջ իրադարձություններով, «Բարգավաճ Հայաստանի» եւ Հայ ազգային կոնգրեսի դաշինքի պառակտումով։ Թե դա ինչ նշանակություն ունեցավ սահմանադրական ու ներքին կյանքի փոփոխությունների համար, NEWS.am-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորն ամփոփել է անցնող տարին։

Պարոն Մանուկյան, 2015-ը մեկնարկեց փետրվարյան հայտնի իրադարձություններով՝  ՀՀԿ-ԲՀԿ առճակատմամբ, որի հետեւանքով պառակտվեց եռյակը, ԲՀԿ-ն լքեց պայքարի հարթակը, ՀԱԿ-ը միայնակ ստանձնեց ընդդիմադիր գործունեությունը։ Դա համարո՞ւմ եք անցնող  տարվա ներքաղաքական կյանքի առանցքային իրադարձությունը։

Իհարկե, սա կարեւոր իրադարձություն էր, որովհետեւ մեկ տարի մի քանի ամիս առաջ կար քառյակ, ամիսներ առաջ՝ եռյակ, որը խորհրդարանում մինչեւ 55 ձայն ուներ, իսկ սա լուրջ վտանգ էր իշխանությունների համար, եւ այս հանրաքվեն չէր լինի, եթե այդ եռյակը գոյություն ունենար։ Եռյակը քանդելու գործում իշխանությունը օգտագործեց ոչ թե քարոզչությունը, այլ պետական ամբողջ զինանոցը։ Տնտեսական, հարկային, ոստիկանական գործիքները կիրառելով՝ հասան նրան, որ դաշնակցությունը, որը մեկուկես տարի առաջ ընդդիմադիր էր ու քննադատում էր իշխանությանը, այսօր հանկարծ ավելի շատ է պաշտպանում  իշխանություններին, «Բարգավաճը» այսօր կառավարությանը պաշտպանում է ավելի շատ, քան «Հանրապետականը»։ Փաստեր են, որոնց հետ չես կարող հաշվի չնստել։ Այո, կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան տարեսկզբին, ինչը հանգեցրեց ավտորիտար համակարգի ուժեղացմանը։

Տարեսկզբին մեկնարկած զարգացումները հանգուցալուծվեցին սահմանադրական փոփոխությունների  վերջնափուլում, ԲՀԿ-ն էլ միացավ  իշխանական ճակատին։  Ու թեեւ բավականաչափ ընտրազանգված ունեցող ուժերը ՀՀԿ-ի հետ  նույն ճակատում էին, բայց հանրաքվեին, նույնիսկ պաշտոնական տվյալներով, բավականին մեծ զանգված «ոչ» ասաց։ ՀԱԿ-ի քարոզչության արդյո՞ւնք էր, թե՞ սոցիալական բողոք ուղղված իշխանությանը։

Անցնող տարվա միակ բանը, որ կարելի է ոգեւորությամբ արձանագրել, ժողովրդի համախմբված «ոչ»-ն էր, ժողովուրդը իրեն հրաշալի պահեց։ Պահեց հերոսի նման եւ, մեր հաշվարկներով` շուրջ 650 հազար քաղաքացի «ոչ» քվեարկեց։ Մենք այսպիսի միասնականություն երկար ժամանակ չենք ունեցել։ Սա այն դեպքում, որ հանրաքվեն համարվում է պասիվ ընտրություն։ Այստեղ այնքան մասնակցությունը չէր կարեւոր, որքան մարդկանց՝ հոսանքին հակառակ գնալը։ Տեղի է ունեցել երկու երեւույթների ռեզոնանս՝ ընդդիմության գրագետ կազմակերպած աշխատանքը, որը մի քանի ամիս տեւեց, եւ սոցիալական հոգեբանական գործոնը, որ ինչ էլ իշխանությունը ներկայացներ, ժողովուրդը դեմ էր դրան։ Հակաիշխանական, հակասերժսարգսյանական ձայները գումարվեցին ընդդիմության կազմակերպած գրագետ աշխատանքի ձայներին եւ  եղավ ռեզոնանս։ Այսինքն 1+1-ը տվեց ոչ թե 2, այլ 4։ Քաղաքացիական կեցվածք ցուցաբերեց ժողովուրդը, որը արդյունքն է նաեւ քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման։ Անցած տարի ակտիվ գործող «Դեմ եմ»-ը, այս տարի՝«Ոչ թալանին»-ը, «Չեք անցկացնի»-ն։ Այս խմբերը կուսակցությունների կողմից չղեկավարվող, հանպատրաստից ծնված բջիջներ էին, որոնք լրջագույն արդյունք տվեցին, ինչը երեւաց հանրաքվեի ժամանակ։ Առաջին անգամ կամավոր դիտորդներ եղան, բազմաթիվ մարդիկ չլինելով կուսակցական՝ կամավոր վերահսկել են ընտրատեղամասերը։ Սա, իսկապես, համաժողովրդական ճակատ էր, որը տեր կանգնեց իր ձայնին։

Ձեր նկարագրած իրավիճակը տեսանելի է նաեւ իշխանության համար,  բայց նրանք քաղաքացիների այդ համախմբված ճակատը տարանջատում են ընդդիմությունից՝ հիմնավորելով, թե եթե այն ընդդիմության զանգվածը լիներ, ապա կլիներ նաեւ պայքարի հրապարակներում։ Իշխանությունը այն չի համարում իշխանափոխության ռեսուրս, այսպես ասած՝ վտանգավոր ռեսուրս, քանի դեռ բացահայտ չեն ընդվզում, Դուք համարո՞ւմ եք նրանց ընդդիմադիր ուժի հենք, ռեսուրս։

Երկրի հոգեւորական խավը դեմ է քվեարկել, բայց հոգեւորականները ոչ մի հրապարակում ոչ կան, ոչ էլ հայտարարում են քաղաքական վերաբերմունքի մասին։ Մենք հոգեւոր աշխարհի մեր բարեկամների, ընկերների հետ շփվել ենք ու գիտենք, որ դեմ են քվեարկել, բայց երբեք մեր միտինգներին չեք տեսնի նրանց։ Իշխանական կառույցներից՝ ոստիկաններ, դատավորներ, դատախազներ, նախարարության աշխատակիցներ, բազմաթիվ շերտեր, որոնք մեր կողքին չեն երեւում, բայց «ոչ» են քվեարկել։ Իշխանությունները շփոթված են այս երեւույթներից, որ իր իսկ թիմն է «ոչ» քվեարկել։ Այս ընտրությունների ժամանակ իշխանություններին բացահայտ աջակցել է միայն փողոցային խուժանը։  Սա իշխանությունների համար նոր որակ է։

Ոչ մի հոգեւորական, դպրոցի տնօրեն, գյուղապետ ու ոստիկան չի կարող գնալ մասնակցել  հանրահավաքի, որովհետեւ վտանգի կենթարկի իր աշխատանքն ու անվտանգությունը։ Իրենք երբեք չեն գա:  Եւ կարեւորը սա չէ, կարեւորն այն է, որ մենք գիտենք, որ այսօր Հայաստանում կա մի հասարակություն, որի ճնշող մեծամասնությունը չի ընդունում իշխանություններին եւ նրա կողմից ներկայացրած ծրագիրը։ Անջրպետը իշխանությունների ու ժողովրդի միջեւ երբեք այսքան խորը չի եղել։ Լավ է, որ հասարակությունը ակտիվ է: Եւ որքան իշխանությունը սեղմի, այնքան ժողովրդը ավելի շուտ կպայթի:

Պարոն Մանուկյան,  ՀԱԿ-ը այսպես ասած` ռեսթարթի  կարիք ունի՞:  Առջեւում խորհրդարանական ընտրություններն են, իսկ իշխանությունը չարախնդում է` մատնացույց անելով սակավամարդ հրապարակներն ու  խմբակցության պառակտումը:

Հանրաքվեից անցել է երկու շաբաթ, բայց մեզ մոտ աշխատանքի ծավալը չի պակասել։ Մենք հավաքում ենք բոլոր տեղամասերից խախտումները, բողոքները, նյութերը, խախտումների մասին տեսանյութերը, որոնք կազմում են շուրջ 10 ժամ: Խախտումների բանկ ենք կազմում եւ շուրջ 150 գործով դիմելու ենք դատախազություն։ Արդեն կա  շուրջ հինգ  տասնյակ հարուցված քրեական գործ։ Համակարգելու խնդիր կա, որն իրականացնում ենք այլ քաղաքացիական նախաձեռնությունների, կազմակերպությունների  հետ։ Եթե մենք կարողանանք միջազգային կառույցներին ներկայացնել խախտումների բնույթն ու հասնել նրան, որ  կեղծարարները պատժվեն, ինչը դաս կլինի  բոլոր նրանց համար, որոնք գնան խախտումների ճանապարհով, շատ մեծ ու կարեւոր գործ կլինի:  Արդեն փետրվարից կսկսենք ամփոփել այդ ամենն ու անցնել հաջորդ քայլերին։

Իսկ խորհրդարանից դուրս հրապարակներում անելիքներ կա՞ն, դարձյալ հաշվի առնելով որ խորհրդարանական ընտրություններն են առջեւում:

Մեր բոլոր տարածքային կառույցները մեկնարկային ձեւաչափի մեջ  են, միշտ պատրաստ, ինչին կօգնեն նաեւ իշխանությունները։ Դա լավագույնս կերեւա գարնանը, երբ ակնհայտ կլինի, որ երկիրը ղեկավարելու ռեսուրս չունեն։ Հիմա հարյուրավոր օրենքներ կբերեն Սահմանադրությունն ամբողջացնելու համար, որին դեմ ենք, իհարկե, եւ աշխատանքներ կլինեն։ Միաժամանակ հասարակության հետ փորձենք ստեղծել նախ արտահերթ ընտրությունների հնարավորություն եւ դրանից կախված` զուգահեռ նաեւ պատրաստվել  հերթական ընտրություններին:

ՀԱԿ-ի վիճակը չի՞ բարդացել Ազգային Ժողովում, քանի որ Դաշնակցությունը, ԲՀԿ-ն համարյա իշխանության ճակատում են։

Եթե մի տեղ բարդացել է, ապա ուրիշ տեղ լավացել է։ Օրինակ, այնտեղ, որ հասարակությունը տեսավ Հայ ազգային կոնգրեսը միակ պայքարող քաղաքական ուժն է…

ՕԵԿ-ը շատ է ակտիվացել,  Արթուր Բաղդասարյանը  սեփական հեռուստատեսությամբ ողջ օրն իշխանությանն է քննադատում ու ներողություն խնդրում ժողովրդից իր սխալների համար, ՕԵԿ-ի  այս պահվածքը կարո՞ղ է խանգարել ՀԱԿ-ին ընտրությունից առաջ ընտրազանգված կորզելու իմաստով:

Եթե նկատել եք, մենք երբեք այն ուժերին, որոնք ընդդիմադիր են խաղում կամ ընդդիմադիր են, չենք քննադատում։ Մեր թիրախը Սերժ Սարգսյանն է։ Ով ուզում է լինել ընդդիմություն, թող լինի, ով թեկուզ փոքր բան անում է իշխանության դեմ, ընդունելի է մեզ համար, թե հետո ինչ է լինում, տեսել ենք՝ խեղճացել են, դավաճանել, թողել, փախել, դա մեզ չի նեղում։

ՕԵԿ-ի հետ համագործակցության հավանականություն կա՞։

Թող բոլոր քաղաքական ուժերը իրենց ասելիքը ասեն, անելիքը անեն,  երբ որ կտեսնենք, որ դա հիմնարար անկեղծ է, եւ կարող ես այդ ուժի հետ համագործակցել, խնդիր չկա։ Խնդիրը ոչ թե կուսակցությունների հետ համագործակցությունն է, այլ քաղաքացու։

Հանրաքվեի արդյունքները, որոնք համարում էիք կեղծված եւ Սահմանադրական դատարանում անվավեր ճանաչելու նախաձեռնությամբ հանդես եկաք,  ՕԵԿ-ը միացավ, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն չստորագրեցին: Հակառակ դեպքում կհավաքվեր անհրաժեշտ 27 ստորագրությունը  եւ ՍԴ-ն կընդուներ դիմումը: Ստորագրությունների պատկերն ի՞նչ ուրվագծեց:

Նախ`շնորհակալություն բոլորին, որովհետեւ  ստորագրությունը ռիսկ էր, ինչին գնացին: Ինչ վերաբերում է ընդհանուր պատկերին, կարելի է ենթադրել, որ փետրվարին կլինի կոալիցիա այն ուժերի հետ, որոնք հրաժարվեցին ստորագրել։