Կապիտալը սիրում է կայուն շուկա, իսկ Հայաստանը մեկ տարի առաջ անդամագրվեց մի միության, որը ոչ թե անկանխատեսելի է, այլ խիստ կանխատեսելի անկայուն տնտեսական դաշտ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մեկ տարվա ձեռքբերումներին ու կորուստներին։
«Եթե նույնիսկ օբյեկտիվորեն փորձում եմ մի դրական բան գտնել Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու այս մեկ տարվա մեջ, չեմ կարողանում։ Ինչու, որովհետեւ մենք էն ժամանակ էլ հստակ ասեցինք, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ մենք զրկվելու ենք օտարերկրյա ուղղակի ներդրումներից, ինչն այսօր արդեն փաստ է։ Կապիտալը սիրում է կայուն շուկա, իսկ մենք անդամագրվեցինք մի մեկուսացված կլուբի, որը ոչ թե անկանխատեսելի է, այլ խիստ կանխատեսելի անկայուն տնտեսական դաշտ է։ Այսինքն՝ մենք գործում ենք խիստ կանխատեսված, ինքնամեկուսացման գնացող քայքայվող տնտեսական բլոկի հետ, որտեղ տեսնում ենք՝ ռուսական արժույթի հետ ինչ է կատարվում, եւ որի տնտեսական բազան հենված է մեծ հաշվով նավթի եւ գազի բազայի վրա, իսկ վերջին մեկ տարում 70 տոկոսով արժեզրկում տեղի ունեցավ»,-ասաց պատգամավորը։
Նա հիշեց, որ արտահանողներին խոստացված ռուսական լայն շուկան միայն տնտեսական անկում ապահովեց նրանց համար։
ԵՏՄ-ին անդամագրվելու մյուս կարեւոր հիմնավորումը անվտանգության երաշխիքներ ստանալն էր, ինչը, պատգամավորի խոսքով, եւս չգործեց։
«Խոսվում էր, որ այս միությունը մեզ համար անվտանգության բաղադրիչ կունենա, որը որեւէ առումով չհիմնավորվեց։ Հայ-թուրքական սահմանին, որը վերահսկում են ռուսական սահմանապահները, արձանագրվեց Թուրքիայի կողմից օդային սահմանի խախտման դեպք, եւ ռուսական կողմից որեւէ արձագանք չտեսանք, մինչդեռ դա այն պետական սահմանն է, որը բացառապես վերահսկում է ռուսական զորքը։ Մեկ տարվա ընթացքում սահմանային լարվածության բարձրացում տեղի ունեցավ, խաղաղ բնակիչներ զոհվեցին, առաջին անգամ տանկային հարված եղավ, եւ որեւէ քայլ չտեսանք ռուսական կողմից»,-թվարկեց պատգամավորը։
Նա շեշտեց նաեւ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը, որը կիրառվում է Հայաստանի դեմ։
«Թող մատնացույց անեն այն գործնական քայլերը, որը կատարել Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններով հանդերձ։ Ռուսաստանը նույն ջանասիրությամբ շարունակում է Ադրբեջանին բացառապես հարձակողական տիպի սպառազինության վաճառքը, որը որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ուղղված է ուղիղ Հայաստանի դեմ եւ դա անվանում է բիզնես պրոյեկտ։ Թող որեւէ մեկը մատնացույց անի, թե որտեղ մեր անվտանգության բաղադրիչը ավելացավ»։



























