Ոչ մի անձեռնմխելի բժշկական հաստատություն չկա, բայց չարժե նաեւ մոռանալ անմեղության կանխավարկածը, երբ խոսում եք բժշկի մեղքի մասին, 2015-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` մեկնաբանելով հարցը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ծննդատանը վերջերս գրանցված մի քանի մահացու դեպքի եւ այն մասին, թե տպավորություն կա, որ այդ կենտրոնն անձեռնմխելի է:
«Ես դեմ եմ, որ անձեռնմխելիության մթնոլորտ է ստեղծվում, բայց նաեւ դեմ եմ, երբ խախտվում է անմեղության կանխավարկածը եւ բժիշկը վաղաժամ մեղադրվում է այնպիսի գործողությունների համար, որոնք ոչ մի դատարան դեռ չի ապացուցել: Կարծում եմ, որ բժիշկների հեղինակության հետ կապված հարցերը պիտի ավելի զգուշորեն քննարկվեն, հատկապես լրատվամիջոցներում», - ասել է նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, բոլոր դեպքերը, նրա խոսքով, այսօր իրավապահ մարմինների վարույթում են: «Մեր մասնակցությունը այդ գործում անկողմնակալ, մասնագիտական դատաբժշկական գործառույթն է», - ասել է նա` հավելելով, որ Առողջապահության նախարարությունը երաշխավորում է լիակատար անաչառություն:
Նախարարը չներկայացրեց Մերի Մարգարյանի գործի վերաբերյալ Առողջապահության նախարարության իրականացրած հետաքննության արդյունքները` նշելով, որ քննություն է ընթանում եւ իրենք իրենց եզրակացությունները ներկայացրել են քննչական մարմնին:
Խոսելով այն մասին, որ հետաքննվող բժիշկները շատ հաճախ շարունակում են աշխատել եւ թե դա ինչպես է նպաստում բնակչության շրջանում առողջապահության համակարգի նկատմամբ վստահության պահպանմանը, նախարարը դարձյալ հիշեցրել է անմեղության կանխավարկածը եւ այն, որ համապատասխան քայլերը կարելի է իրականացնել միայն դատարանի որոշման հիման վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին հղիության 35-րդ շաբաթում մահացել էր 26-ամյա Մերի Մարգարյանը, իսկ մեկ օր անց մահացել էր նրա նորածին դուստրը: Կնոջ հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկին` Շուշանիկ Բախշյանին, որը հետեւում էր նրա հղիությանը: Դատական գործ է հարուցված:
Հաջորդ դեպքը «Շենգավիթ» ԲԿ-ում գրանցվել է նոյեմբերի 19-ին. 25-ամյա ծննդկանի 36 ամսական պտուղը մահացել է արգանդում: Նոյեմբերի 27-ին ԲԿ-ում նորածին երեխա է մահացել: Այդ փաստերով եւս քրեական գործեր են հարուցվել:



























