Հայկական ընտանիքները նույնիսկ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրելիս հարգում են ավանդույթները եւ ջանում են հնարավորինս հավատարիմ մնալ դրանց: Նույնը վերաբերում է նաեւ այն ընտանիքներին, որտեղ հայկական մասը կեսն է կազմում` ընտանիքի հայրը կամ մայրը միշտ հնարավորություն կգտնեն իրենց երեխաներին ծանոթացնելու ավանդույթներին, որոնք թելադրված են հայկական արմատներով: 

NEWS.am-ին տված հարցազրույցում Իսրայելում ապրող Գայանե Կորսունսկայան իր հիշողություններն է ներկայացրել մանկության տարիներին Նոր տարվա տոնակատարության վերաբերյալ եւ պատմել է, թե ինչպես են Նոր տարին նշում Իսրայելի հայերը:  

Գայանե, պատմիր քո ընտանիքի ամանորյա ավանդույթների մասին: 

Նոր տարին մենք տոնում էինք ընտանիքի գրկում` տատիկիս տանը հավաքվում էին նրա բոլոր երեխաները, թոռները: Ավանդական տոնական սեղան էին բացում, տատիկը Ձմեռ Պապի շորեր էր հագնում: Այդ ժամանակ մենք դեռ Կարշիում էինք ապրում (Ուզբեկստանում), գնում էինք հարազատների տուն եւ նվերներ էինք տալիս:

Ավելի լավ է Նոր տարինե Հայաստանո՞ւմ տոնել, թե՞ Իսրայելում, որտե՞ղ է քեզ ավելի դուր գալիս անցկացնել տոները:

Կուզեի տարվա այդ հատվածում իմ հայ-իսրայելական ընտանիքի հետ Հայաստան մեկնել :  Լավ կլիներ. առաջվա նման կհավաքվեինք մեծ, համերաշխ ընտանիքով: Հույս ունեմ` ապագայում կկարողանանք Հայաստանում կազմակերպել տոները:  Իսրայել գալու ժամանակվանից ի վեր ծանոթացել եմ իսրայելական, ինչպես նաեւ միջերկրածովյան խոհանոցին, որը բաղկացած է աղցանների տարատեսակներից, ծանոթացել եմ նաեւ իսպանական եւ մեքսիկական խոհանոցին: 

Ընտանիքի եւ հարազատների շրջապատում մենք Նոր տարին սկսում ենք տոնել արդեն 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին): Ամեն տարի ես երեխաների հետ ամանորյա տոնածառ եմ զարդարում, որ մեր երեխաներն իմանան այդ հրաշալի տոնի իմաստը: Ցավում եմ միայն, որ ձյան փոխարեն մեզ մոտ արեւ է եւ երբեմն` հորդառատ անձրեւներ: 

Քո կարծիքով ի՞նչ ուտեստներ անպայման պիտի լինեն հայկական տոնական սեղանին, դու ի՞նչ ես սիրում պատրաստել: 

Հայկական ամանորյա սեղանը առանց նրբաբլիթների եւ տոլմայի անհնար է պատկերացնել: Ավելի շատ մսից պատրաստված ուտեստներ են մատուցում, ես ինքս այնքան էլ  տարված չեմ հայկականով: 

Դուք 2016-ին ի՞նչ կմաղթեիք  NEWS.am-ի ընթերցողներին:

Կմաղթեի երազանքների իրականացում: Թող հնարավոր դառնա ձեռք բերել այն, ինչ անցյալ տարի չհաջողվեց ձեռք բերել: Բոլորին լավագույնն եմ մաղթում:  

Հարցազրույցի հեղինակ Մենդել Կորսունսկին միանում է կնոջ` Գայանեի մաղթանքներին եւ  2016-ին հայ ժողովրդին խաղաղություն, հավասարակշռություն, սեր եւ ամեն ընտանիքում ավելի շատ մանկական ծիծաղ է մաղթում: