ՌԴ-ում դեկտեմբերի 26-ին վթարի հետեւանքով մահացած երեք հայերի մարմինները տեղափոխել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մահացածների հարազատներից մեկը:
Այսօր նրանց կհուղարկավորեն:
Վթարի հետեւանքով վիրավորված Մարկոս Պապյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայունացման միտումներ կան:
Նշենք, որ մահացածները արտագնա աշխատանքից Հայաստան էին վերադառնում՝ Ամանորն իրենց ընտանիքների հետ նշելու համար:
Մահացածներից 45-ամյա Ստեփան Կոստանյանը եւ 25-ամյա Սարգիս Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էին: Ստեփան Կոստանյանը մեկ դուստր ու մեկ որդի ունի: Սարգիս Խաչատրյանն ամուսնացած չէր: 30-ամյա Էդգար Պետրոսյանը Չարենցավան քաղաքից էր: Վթարի հետեւանքով վիրավորված Մարկոս Պապյանը նույնպես Աբովյանից է: Մահացածները բոլորը եղել են «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը վարել է Մարկոս Պապյանը:
Մարկոս Պապյանը ձախ ազդրի կոտրվածքներ ունի, նա հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 06.49-ին, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 եւ м599ЦМ57 համարանիշների եւ «Մազդա» մակնիշի х181МО61 համարանիշի ավտոմեքենաները:




























