Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ամանորին երբեք իր աշխատակիցներին չի հյուրընկալում, թեեւ արդեն 40 կոլեկտիվ է ղեկավարում:
«Ամանորին ոչ մի տեղ չեմ գնում, անցկացնում եմ հայրական տանը` մորս կողքին, իմ ընտանիքի անդամների հետ՝ առանց ավելորդությունների եւ ճոխությունների: Մեր Քյավառի քյուֆտան ու փախլավան անպայման կլինեն: 40 տարի շարունակ ես կոլեկտիվներ եմ ղեկավարել, սակայն իմ տունը իմ կոլեկտիվի անդամները չեն գալիս: Մենք դա անում ենք կոլեկտիվի ներսում, որեւէ մեկը իմ տան տեղը չգիտի: Կարծում եմ, որ ամեն մարդ պիտի իր տանը անցկացնի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանուշ Հակոբյանը՝ հավաստիացնելով, որ թեեւ Գավառից է, սակայն երբեք օղի չի խմել:
Սփյուռքի նախարարի անձնական ցանկություններն էլ համընկնում են իր հայրենիքի գլխավոր ցանկության հետ. Ղարաբաղի սահմաններն անվտանգ լինեն, որդեկորույս մայր չլինի, այրի չլինի. «Մեր երկրում որբուկներ չլինեն: Հայրենիք- սփյուռք կապերն էլ իսկապես ամրապնդվեն»:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար նույնպես Ամանորն ընտանեկան տոն է, որն անցկացնելու է Հայաստանում ընտանիքի հետ, ինչպես նախորդ տարիներին:
«Մինչեւ 24:00-ն տոլմա եւ մայրաքաղաքային աղցան եմ ուտում, իսկ դրանից հետո տարբերություն չկա: Երեխաներս էլ այս տարի Ձմեռ պապիկից բարդ բաներ են ուզել: Թեեւ ուրիշի նամակները չեն կարդում, բայց ես կարդացել եմ: Երեխաներս հետախույզի հավաքածու են ուզել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի համար Ամանորն ու Սուրբ ծնունդը սպասված, սիրված եւ առանձնահատուկ տոներն են:
«Միշտ դիմավորել եմ ընտանիքիս հետ, եղբայրներով հավաքվում ենք եւ միասին նշում: Հայկական ավանդական Ամանոր ենք նշում»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:
Նախարարը 2016թ.-ի համար հայ ժողովրդին ցանկանում է համբերություն, բարեկեցիկություն:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երբեք Ամանորն արտասահմանում չի նշել: Ինչպես ինքն է ընդգծում, միակ տոնն է, որը հնարավորություն է տալիս ավելի երկար տանը լինել:
«Մեր ընտանիքի ավանդույթն է չորթանով ճաշը, խաղողի թփով տոլման, պասուց տոլման։ Սա պարտադիր է։ Սովորական հայ ընտանիքի պես ենք պատրաստվում, ոչ մի ճոխություն: Չեմ սիրում ճոխություն, որովհետեւ անիմաստ եմ համարում, պետք է ասեմ, որ այս տարիների փորձը ցույց է տվել, որ մեր հյուրերը գալիս են մեր տուն հատուկ չորթանի ճաշ ուտելու համար։ Փորձում եմ այս ավանդույթը չխախտել ու մարդկանց հուսախաբ չանել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ գալիք տարվա իր միակ ցանկությունը խաղաղությունն է:
Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի կյանքում նշանակումից հետո ոչինչ չի փոխվել, պատրաստվում է Ամանորը նշել Երեւանում, ընտանիքի հետ, ինչպես միշտ:
«Տարիներ շարունակ իմ կյանքում ոչինչ չի փոխվել՝ անկախ նրանից նախարար եմ, պատգամավոր կամ վարչական պաշտոններ եմ զբաղեցրել: Դրանից իմ կյանքում ոչինչ չի փոխվել»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Այնուամենայնիվ, նախարարը նշեց, որ չի բացառվում՝ գալիք տարում իր անձնական կյանքում փոփոխություն լինի:



























