Վանաձորում 2 տարի առաջ հոկտեմբերին սպանված 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի հարազատները չեն հավատում, որ սպանությունը կատարել է գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւը:
«Մենք համոզված ենք, որ սպանությունն այլ անձ է կատարել եւ ոչ թե Կարեն Կունգուրցեւը: Այդ պատճառով չի բացառվում, որ դատարանը կարդարացնի Կարենին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը:
Գործով դատաքննությունն արդեն ավարտվել է, դեկտեմբերի 28-ին պետք է սկսեր ճառերի փուլը, սակայն նիստը հետաձգվել է:
«Դատաքննությունից մենք գոհ ենք, օբյեկտիվ քննություն է ընթացել»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Կունգուրցեւը պնդում է, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:
Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:




























