ՏԿԱԻ նախարարությունն Ամանորին ընդառաջ խորհուրդ տալիս է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, քանի որ հատկապես այս օրերին աճում է հրդեհների վտանգը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարության պետական եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ երբեմն նույնիսկ մարդկանց ուրախացնող հրավառությունները կարող են ողբերգական ելքով հրդեհի պատճառ դառնալ:
«Բարեբախտաբար, Հայաստանում վերջին տարիներին խուսափել ենք աղետալի հետևանքներով հրավառություններից, սակայն պետք է ուշադիր լինել, հատկապես այն ճայթուկներից, որոնք կասկածելի ծագում ունեն: Խորհուրդ ենք տալիս օգտագործել միայն լիցենզավորված ճայթռուկներ»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:
Պաշտոնյայի խոսքով՝ ճայթուկներ գնելիս ուշադրություն պետք է դարձնել, որ օգտագործման կանոնները հստակ նշված լինեն, ավելին պարտադիր հայերեն նշագրում պետք է ունենան:




























