Հայաստանի կառավարությունը դեմ է, որ քաղաքացիների անձնագրերում գրանցման հասցեն նշվի։ Հայաստանի կառավարությունը դեմ է արտահայտվել ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված նախագծին՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին»։

ՕԵԿ պատգամավորներ Հովհաննես Մար­գար­յանն ու Հեղինե Բիշարյանն առաջարկում էին անձնագրերում ավելացնել նաեւ հաշվառման տվյալները, մինչդեռ ըստ կառավարության եզրակացության, կենսաչափական անձնագրերում հաշվառման հասցեն գրելու դեպքում լրացուցիչ խնդիրներ կծագեն։

Գործադիրը նշել է, որ անձնագիրը ներառում է տեխնիկական մաս` տվյալ­նե­րի էլեկտրո­նա­յին պահոց, որն իր մեջ պարունակում  է նաեւ  անձի վերա­բեր­յալ կենսաչափական տվյալ­ները: Իսկ նման տվյալների, մասնավորապես` լուսանկարի, ստո­րա­գրության, աջ եւ ձախ ձեռ­քերի ցուցամատների մատնադրոշմների ներառման հան­գա­մանքը, լիովին բավարար է անձի ինք­նությունը հաստատելու եւ անձին նույնականացնելու  համար:

Հարկ է նշել նաեւ, որ անձի հաշվառման հասցեն ամենարագ փոփոխվող անհա­տա­կան տվյալն է եւ շատ դեպքերում անձնագրում նշված եւ բնակչության պետական ռե­գիստրում առկա հաս­ցեները միմյանց չեն համապատասխանում: Հասցեի հաճախակի փո­փոխման դեպքում քա­ղա­քացին հարկադրված է լինելու փոխելու անձնագիրը։

ՕԵԿ պատգամավորների ներկայացրած նախագիծը քննարկվելու է Ազգային ժողովում, եւ կառավարությունը հարակից զեկույց է ներկայացնելու։