«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը 27 օրվա հացադուլը դադարեցնելուց երկու շաբաթ անց գտնվում է հացադուլավորների խցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը՝ նշելով, որ Հայկը առողջական խնդիրներ ունի եւ հացադուլավորների խցում կմնա այնքան ժամանակ, մինչեւ առողջական վիճակը լավանա։
«Բանտախցում Հայկի հետ շատ բանտարկյալներ կան, որոնք ծխում են եւ Հայկի մոտ ալերգիկ երեւույթներ են առաջանում: Կմնա հացադուլավորների բանտախցում այնքան ժամանակ, մինչեւ ինչ-որ լուծում տրվի»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը։
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Նա Վերաքննիչ բողոք է ներկայացրել։




























