Վայոց Ձորում երկու տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող անչափահաս Նարեկի կալանքը երկարաձգվել է 2 ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նարեկի փաստաբան Վահե Մարգարյանը:
«Նարեկը Երեւանի «Նորք» հոգեբուժական կլինիկայում ենթարկվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության: Այժմ արդեն կալանավայրում է, սպասում ենք այդ փորձաքննության եզրակացության»,- ասաց փաստաբանը:
Վահե Մարգարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ դեռեւս ոչ մի փորձաքննության եզրակացություն իրենք չեն ստացել:
Նշենք, որ Նարեկը տարիներ առաջ զինվորական ծառայության մեկնելու համար Երեւանում հետազոտություն էր անցել, եւ պարզվել էր, որ մտավոր հետամնաց է:
Հիշեցնենք, որ անչափահասներ Նարեկն ու Սմբատը մեղադրվում են 2015թ. հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին, ապա երեք օր անց էլ Վերնաշեն գյուղի 87-ամյա բնակչուհի Գ. Բարսեղյանին սպանելու եւ ոսկյա ականջօղերը հափշտակելու մեջ:
Պատանիները տվել են խոստովանական ցուցմունք: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետերով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Նարեկն ու Սմբատը կալանավորված են:




























