Երեւանի Նոր-Նորք թաղամասում 2014թ. հուլիսին արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը պատրաստվում է դատարան ներկայացանել Ռուսաստանի Դաշնությունում իրականացված դիակի կրկնակի համալիր փորձաքննության արդյունքները, ըստ որի`ազատամարտիկը մահացել է ոչ թե սրտի բնածին արատից, այլ ծեծի հետեւանքով:

NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Մուրադյանը նշեց, որ ՌԴ փորձագետների եզրակացությունը հիմնավորում է առաջին, եւ հերքում երկրորդ փորձաքննության արդյունքները:

«Նրանք հերքել են, որ Վարդան Թումանյանը կարող էր սրտի բնածին արատից մահացած լիներ, եւ եզրակացրել են, որ նա մահացել է դաժան ծեծի հետեւանքով»,-ասաց պաշտպանը:

Անդրադառնալով դատական նիստերի պարբերական հետաձգմանը` Տիգրան Մուրադյանը նշեց, որ վերջին երեք նիստերը հետաձգվել են այն պատճառաբանությամբ, որ դատարանը չի կարողացել ապահովել ամբաստանյալներից Սարգիս Ղուկասյանի ներկայությունը, քանի որ վերջինը կեղծ թղթադրամներ իրացնելու գործով կալանավորված է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի քաղաքացի Մուֆակ Մահմուդի Ալոսմայինը եւ գործով ամբաստանյալներ Սարգիս Ղուկասյանն ու Գեւորգ Սարգսյանը (Ջունգլ մականունով) կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել:

Նոյեմբերի 29-ին Բագրատաշենի մաքսատան հարակից խանութներում եւ բենզալցակայանում անհայտ անձինք կեղծ 100 դոլարանոց էին իրացրել: Որի մասին տեղեկացել են  ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները: Հայտնի էր, որ կեղծարարները արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենայով են շրջում: Հասցրել էին իրացնել 3-4 հարյուր դոլար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր:

Վարդան Թումանյանի մահվան մեջ մեղադրվող երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ): Նրանք ազատության մեջ են: