Եկմալյան 4 շենքի նախկին բնակիչ Լիլիթ Սարգսյանը, որի բնակարանը 10 տարի առաջ գերակա շահ է ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով` արդեն 7 տարի է՝ չի կարողանում ստանալ պայմանագրով իրեն պատկանող բնակարանը: NEWS.am-ի հետ զրույցում Լիլիթի մայրը՝ Անահիտ Պետրոսյանը, նշեց, որ պայմանագրով նշված շենքը, որը պետք է Եկմալյան հասցեում կառուցվեր, կառուցվել է Արամի փողոցի 70-82 հասցեների քանդված սեփական տների հատվածում ընկած տարածքում, որի հետեւանքով էլ Եկմալյան 16 հասցեում բնակարան ստանալու համար 7 տարվա ընթացքում ամբողջությամբ մուծված գումարի անդորագրով իրենց Արամի 70 շենքում բնակարան չեն տվել:
«Գագիկ Պապոյանը մեզ խոստացել էր, որ 1 տարվա ընթացքում Եկմալյանում պետք է շենք կառուցեր եւ 1 տարի անց Եկմալյանում բնակարան պետք է ստանայինք, սակայն քանի որ Եկմալյանի տարածքը փոքր է եղել եւ չի կարողացել շենք կառուցել, այն կառուցել է Արամի փողոցի 70-82 տների հատվածում ընկած տարածքում: Կառավարությունից էլ մեզ ասում են, որ Եկմալյանի 4-16 շենքերի հատվածում ընկած տարածքը աճուրդի է դրված եւ մինչեւ չվաճառվի, ոչնչով չեն կարողանա օգնել մեզ, քանի որ Արամի շենքի նույն բնակարանը վերավաճառվել է տարբեր մարդկանց»,-ասաց Անահիտ Պապոյանը:
Անահիտ Պետրոսյանը նշեց, որ շենքի կառուցապատող Գագիկ Պապոյանը, որն այժմ խարդախություն կատարելու համար կալանավորված է, 7 տարվա ընթացքում բնակարան ստանալու համար մուծված գումարը պայմանագրով եւ նոտարով հաստատված փոխարինել է Արամի 70-82 տների հատվածում կառուցված 14 հարկանի շենքում բնակարան ստանալու պայմանագրով, սակայն ոչ մի օգուտ չի տվել:
«Աղջիկս 7 տարի ապրել ու աշխատել է արտերկրում, փող հավաքել, որ Երեւանում բնակարան գնի ու վերադառնա Հայաստան: Այս տարիների ընթացքում ամբողջ գումրը վճարեց եւ այսօր կանգնել է փաստի առաջ: Արամի շենքում բնակարան չտվեցին՝ ասելով, որ Եկմալյան շենքի հասցեով մուծած չեքով չենք կարող բնակարան ստանալ»,-ասաց տիկին Անահիտը՝ նշելով, որ Ամանորից հետո իրենք դուրս են գալու փողոց եւ պայքարելու են իրենց բնակարանները ստանալու համար:




























