«Եզո» անվանելու համար հարեւանին սպանելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտված 26-ամյա Արթուր Ազատյանի պաշտպանին չի հաջողվել համոզել նրան` առաջին ատյանի դատավճիռը բողոքարկել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:
NEWS.am-ի հետ զրույցում դատապարտյալի պաշտպան Էմմա Եղիազարյանը նշեց, որ նպատակահարմար կլիներ վճիռը բողոքարկել:
«Ես տրամադրված էի վճիռը բողոքարկելուն, բայց պաշտպանյալս չուզեց, ասեց ես էդքան ներվեր ու առողջություն չունեմ, բայց ճիշտը բողոքարկելն էր»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ Արթուր Ազատյանը արարքը կատարել է տուժողի անօրինական գործողություններից դրդված եւ իրեն միայն այդ մասով է մեղավոր ճանաչել:
Նշենք, որ «Եզո» անվանելու համար հարեւանին սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուր Ազատյանն սեպտեմբերի 9-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Դատախազ Տիգրան Հակոբյանը Արթուր Ազատյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ազատյանը 2014թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21:00-ի սահմանում իր՝ Երեւան քաղաքի Վ.Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարեւան Անդրանիկ Հարությունի Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



























