ՌԴ Ուրալի դաշնային համալսարանում ամփոփվել են «Թեստ դրայվ» ակցիայի ընտրական փուլի արդյունքները։

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Ուրալի դաշնային համալսարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էդուարդ Նիկուլնիկովը, առցանց քվեարկության եւ փորձագիտական ժյուրի կարծիքի արդյունքում 2 օրով համալսարանի ուսանողական կյանքը վայելել կարող են Մեծ Ուրալի եւ մերձավոր արտասահմանի 77 թիմ։

358 երջանիկների թվում են նաեւ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները։ Նախագծի հեռակա փուլը հաջողությամբ հաղթահարել է Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան №1 Ավագ դպրոցի թիմը՝ Մետաքսյա Բաբայանի գլխավորությամբ։

2 օր շարունակ աշակերտները կարող են մասնակցել Ռուսաստանի խոշորագույն դաշնային  համալսարանի կյանքին։ Աշակերտները կլսեն լավագույն դասախոսներին, կճաշեն ուսանողական ճաշարանում, կմարզվեն ԲՈՒՀ-ի մարզական թիմերի հետ։ Իսկ մանկավարժները կհանդիպեն համալսարանի դասախոսների եւ գիտնականների հետ, ինչպես նաեւ կայցելեն Ուրալի դաշնային համալսարանի ինստիտուտների լաբորատորիաները։

Մասնակիցների ցուցակին կարելի է ծանոթանալ նախագծի կայքում  (www.testdrive.urfu.ru)։