Անցնող տարին բնութագրվում է ապազգային եւ հանցավոր վարչախմբի դեմ ծավալվող դիմադրության ուժգնացմամբ, ինչի մասին է վկայում պայքարի եւ ինքնաբուխ ընդվզումների դեպքերի շեշտակի աճը: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
«Ըստ էության՝ ամբողջ տարվա ընթացքում դիմադրությունը չի դադարել եւ, մի օջախից մյուսին փոխանցվելով՝ հասել է քաղաքական տրամաչափին՝ որպես օրակարգ սահմանելով սահմանադրականության հաստատման խնդիրը:
Սահմանադրական հանրաքվեի ակնհայտ կեղծմամբ եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարմամբ սկսվեց վարչախմբի ներքին եւ արտաքին ապալեգիտիմացման ամրագրման գործընթաց: Տնտեսական եւ աշխարհաքաղաքական պայմանների շարունակվող վատթարացման պարագայում համակարգային կոռուպցիայի վրա հիմնված մակաբույծ վարչախումբը ժամ առ ժամ կորցնում է իր կայունությունը, ինչի հետեւանքով անխուսափելի է դառնում պետական կառավարման համակարգի մոտալուտ փլուզումը:
Նման զարգացումը մի կողմից հնարավոր է դարձնում վարչախմբի հեռացումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ մյուս կողմից՝ ստեղծում է պետականության կորստի ռեալ վտանգ:
Այս վտանգի չեզոքացման եւ, միեւնույն ժամանակ, վարչախմբից ազատվելու հնարավորությունը բաց չթողնելու համար անհրաժեշտ է կազմակերպորեն ուժեղացնել հանուն սահմանադրականության հաստատման սկիզբ առած նոր դիմադրական շարժումը:
Առաջիկա ամիսներին՝ ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում՝ ընտրական համակարգի, վերացման ներկայիս պայմաններում, պայքարի քաղաքակիրթ ձեւը մնում է քաղաքացիական անհազանդության քայլերով անմիջական ժողովրդաիշխանության գործադրումը եւ դրանց միջոցով ժողովրդի կամքի պարտադրումը վարչախմբին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շնորհավորում է ձեզ՝ սիրելի հայրենակիցներ, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ճակատն այս տոնական օրերին եւս Ազատության հրապարակում է, հավատում է մեր ժողովրդի առողջ գիտակցությանն ու ինքնապաշտպանական բնազդին եւ լի է պայքարը մինչ հաղթական ավարտ շարունակելու վճռականությամբ:




























