2015-ը սկսվեց Ավետիսյանների ընտանիքի ծանր դեպքով, ինչն ուղեկցեց մեզ ողջ տարվա ընթացքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն՝ ամփոփելով անցնող տարին։

«Տարին շատ ծանր սկսվեց։ Բնական է, ամբողջ տարվա ընթացքում մեզ ուղեկցեց այդ դեպքը, անընդհատ զբաղվել ենք եւ հիմա էլ դատական պրոցես է, հուսով ենք  արդարացի պատիժ կստանա հանցագործը»,-ասաց Ցոլակյանը։

Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին նա նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում ռեկորդային բարձր աճ են արձանագրել։ «Գյուղատնտեսության ոլորտում բարձր աճ ունենք, ինչը ռեկորդային կարելի է համարել, 20 հազար տոննայով ավելի շատ բերք է ստացվել, քան նախորդ տարի։ Անասնապահության բնագավառում էլ բարձր ցուցանիշներ են, մնացած բնագավառներում ճանապարհ կառուցվեց, ջրագծեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է փաստին, որ Գյումրիում հանրաքվեի արդյունքում հաղթեց «ոչ»-ը, մարզպետը նշեց. «Հանրաքվեի  «ոչ»-ը 10 տոկոսով ավել էր, բայց 41 տոկոս «այո» էր, ինչը բավականին բարձր ցուցանիշ էր նախկին տարիների համեմատությամբ։ Բնական է, որ այստեղ կան խնդիրներ, որոնք աստիճանաբար լուծվում են, եւ հանգստություն է լինում, աստիճանաբար փոխվում է իրավիճակը, ես հուսով եմ, որ հետագայում եւս կփոխվի, քանի որ 2016-ի համար բավականին ծրագրեր կան նախատեսված»: