Ռուսաստանի Պրիմորյեի մարզում անսովոր դեպք է տեղի ունեցել. տեղի բնակիչը խնջույքի ընթացքում  ընկել-անշարժացել  է եւ մեռած է համարվել: Սակայն դիահերձարանում տղամարդը ուշքի է եկել եւ փախել է այդտեղից` գինարբուքը շարունակելու: 

Ինչպես տեղեկացնում է «Պրիմորյե 24» լրատվական գործակալությունը, տղամարդը հանգստանում էր ընկերների հետ եւ չափից շատ խմելով` կորցրել էր գիտակցությունը: Նրա ընկերները շտապօգնություն էին կանչել, սակայն տեղ հասած բժիշկները համարել էին, որ հիվանդին այլեւս անհնար է օգնել: Նրանք տղամարդուն տարել էին դիահերձարան: 

Այնտեղ պատմությունն անսպասելի ընթացք էր ստացել: Շրջայցի ընթացքում կին պահակը սառնարանից լսվող թխկթխկոց էր լսել:  Պահպանության աշխատակցուհին վախեցել էր եւ շտապօգնություն էր կանչել, իսկ բժիշկները, իրենց հերթին, ոստիկանություն էին կանչել:  Երբ կարգ ու կանոնի պահապանները դիահերձարան էին եկել, տեսել էին սառնարանից դուրս եկող   «հանգուցյալին»:

Ոստիկանությունում լրագրողներին պատմել են, որ այն գիշեր, երբ բերել էին մահացու հարբած տղամարդուն, դիահերձարանը լեփ-լեցուն էր եղել:  Մարմինները դրված էին ոչ միայն դարակաշարերին, այլեւ սառնարանի հատակին: Ուշքի գալով`  «հանգուցյալը» միանգամից չէր հասկացել, թե որտեղ է, իսկ հետո սարսափած նետվել էր դեպի դուռը: Բայց պարզվել էր, որ դուռը փակ է:  

Կենդանացած հանգուցյալին տաքացրել էին, հարցեր էին տվել եւ թույլ էին տվել տուն գնալ: Երկար չմտածելով` վերջինս վերադարձել էր իր ընկերների մոտ. այնտեղ խմում էին նրա հոգու հանգստության համար: «Հանգուցյալի» ընկերը, բաժակակցին ողջ տեսնելով, կորցրել է գիտակցությունը: Իմիջիայլոց, դա ոչ մեկին չի խանգարել շարունակել տոնը: