Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկարաշարժի հետեւանքով: Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է տոնել 40 ընտանիք:

Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է շենքի բոլոր բնակիչներին բնակարանամուտի, ինչպես նաեւ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթել ընտանեկան ջերմություն, երջանկություն եւ առողջություն: Բնակիչները շնորհակալություն են հայտնել երկրի իշխանություններին՝ ծրագիրն ավարտին հասցնելու եւ իրենց բնակարանային խնդրին լուծում տալու համար, ինչի արդյունքում Ամանորը կկարողանան տոնել արդեն սեփական բնակարաններում: Ծաղկահովիտցի բազմազավակ մի քանի ընտանիք եւս բնակարանի խնդրով դիմել են վարչապետին: Կառավարության ղեկավարը տեղում հանձնարարել է պատկան մարմիններին հիմնանորոգված շենքում ազատ մնացած բնակարանները հատկացնել նրանց՝ առաջիկայում լուծելով նաեւ սեփականաշնորհման հետ կապված բոլոր հարցերը: 

Այնուհետեւ վարչապետն այցելել է մարզի Քուչակ համայնք, հանդիպել տեղի բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Քուչակցիները բարձրացրել են համայնքի մանկապարտեզի շենքի եւ մարզադպրոցը մարզագույքով համալրելու հետ կապված հարցեր: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին կառավարություն ներկայացնել մանկապարտեզի շենքի վերակառուցման նախահաշիվը, որից հետո ծրագիրը կյանքի կկոչվի: Համայնքի բնակիչները երկրի վարչապետին են դիմել նաեւ Քուչակի մարզադպրոցը մարզագույքով համալրելու խնդիրը, ինչի առնչությամբ վարչապետը հավաստիացրել է, որ առաջիկայում այդ հարցը եւս կարգավորում կստանա:

Կառավարության ղեկավարը քուչակցիներին շնորհավորել է գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ: Վարչապետը նշել է, որ կառավորությունն ամեն ինչ անելու է՝ համայնքներում կուտակված խնդիրներին աստիճանաբար լուծում տալու համար: Նրա խոսքով՝ կյանքի կկոչվեն նաեւ ենթակառուցվածքների, տնտեսության զարգացման մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն ժողովրդի բարեկեցության ապահովմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: 

Քուչակցիները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին Ամանորին ընդառաջ իրենց այցելելու եւ բարձրացված խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար: