Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն կառաջադրվի 2017թ. նախագահական ընտրություններում: Համապատասխան հայտարարությունը նա արել էր Ամանորի գիշերը ժողովրդին հղած ուղերձում: «Դուք ինձ խնդրել էիք պետությունը ղեկավարել նաեւ 2017թ.-ից հետո: Հաշվի առնելով այն կարեւորությունը, որը դուք տալիս եք այդ խնդրանքին, ես կարող եմ միայն ընդունել այն», - մեջբերում է նախագահի խոսքը AFP-ն:
Դեկտեմբերի սկզբին Ռուանդայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր կայացել, որի ժամանակ փոփոխություններին կողմ էր քվեարկել ընտրողներիւ 98 տոկոսը: Այդ փոփոխությունների համաձայն` նախագահ Կագամեն 2017թ. իրավունք կունենա նախագահի առաջադրվել պաշտոնում եւ ղեկավարել երկիրը եւս 7 տարով, այնուհետեւ 5 տարով:
Նախկինում նախագահը չէր հայտնել, թե մտադիր է արդյոք մնալ իշխանության գլուխ:




























