Ռուսաստանի Սարատովյան մարզի քննչական կոմիտեն դատական գործ է հարուցել նորածին երեխայի սպանության փաստով:  Հետաքննության վարկածով, հունվարի  2-ին տեղացի 31-ամյա հարբած կինը տանն է եղել իր երեխայի հետ միասին: Քանի որ երեխան երկար լաց է եղել, մայրը նրա դեմքին բարձ է դրել եւ այնքան է պահել, մինչեւ վերջինս  «հանգստացել է»: Հաջորդ օրը կինը տեսել է, որ նա մահացել է, իսկ երկու օր անց ոստիկանությանն է հայտնել: 

Կասկածյալը ձերբակալված է: «Ինտերֆաքսի» տվյալներով, նա խոստովանական ցուցմունք է տվել եւ հայտնել է, որ խեղդել է երեխային, որովհետեւ  «նա խանգարում էր իր հանգստին»: Նրա պատժի հարցը որոշվում է: Հետաքննությունը շարունակվում է: 

Հունվարի 5-ին ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել մասնավոր տանը հայտնաբերված մեկ ու կես տարեկան երեխայի դիակի մասին: Հաղորդվել է, որ նրան մայրն է գտել: Դատաբժշկական փորձաքննության տվյալների համաձայն, երեխայի մահը վրա է հասել փափուկ առարկայով խեղդելու հետեւանքով: