Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը: Ուտելուց 1 օր անց պահածոներն օգտագործած 9 անձից 5-ի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի խռպոտություն, կուլ տալու գործողության խանգարում: Հունվարի 3-ին հիվանդները դիմել են Հրազդանի ԲԿ, որտեղից բոտուլիզմ ախտորոշմամբ ուղեգրվել են Երեւան: 2 հիվանդ հոսպիտալացվել է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 3-ը` «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդներին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը հորդորում է.

- Խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

- տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

- առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի: