Ադրբեջանական տխրահռչակ Սումքայիթ քաղաքի խաղաղության փողոցում տեղի իշխանությունները որոշել են 2 կմ ճանապարհի երկայնքով քանդել առեւտրի եւ կենցաղի բոլոր օբյեկտները, տեղեկացնում է Թուրանը: 

Հունվարի 9-ի առավոտյան եռահարկ «Ən ucuz»  մարկետի սեփականատեր Վուգար Գալանդարովից պահանջել են մաքրել շենքը, որը քանդման է ենթակա:  «Շենքը 1,2 մլն դոլար է արժեցել, որը բանկից վարկ եմ վերցրել», - գործակալությանը հայտնել է գործարարը` նշելով, որ օբյեկտի սեփականության բոլոր անւրաժեշտ փաստաթղթերն ունի: Մարկետում  240 մարդ է աշխատում, եւ նրանք բոլորը անգործ կմնան: 

Առավոտից իրենց օբյեկտների մոտ են եկել քանդման ենթակա նաեւ այլ շինությունների սեփականատերեր: Նրանք իրենց դժգոհությունն ու վրդովմունքն են հայտնում քաղաքի իշխանությունների պահվածքից: Արժե նշել, որ քանդելու որոշումը չի կայացվել  գրավոր եղանակով եւ բոլոր հրահանգները բանավոր են տրվում: Փոխհատուցման մասին որեւէ խոսակցություն չկա: